Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը․ Փաշինյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով:
Շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Արքայական Մեծություն,
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը՝ հիմնվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կարճ ժամանակահատվածում գրանցած զգալի հաջողությունների վրա:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»։
Ազգային տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին:
« Ձերդ Արքայական Վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր այս կարճ ժամանակահատվածում երկկողմ փոխգործակցության տարբեր բնագավառներում գրանցված շոշափելի առաջընթացը: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել ընդլայնել Հայաստան–Սաուդյան Արաբիա երկկողմ օրակարգը՝ զարգացնելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում», -նշված է ուղերձում: