Այս շարժումը նոր է սկսում․ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է․ Բագրատ Սրբազան
Բոլոր հանցագործներն ամենախիստ ձևով պատժվելու են՝ անկախ նրանից, թե նրանք ինչ հովանավորություն են վայելում այսօր։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ, հասնելու ենք նրան, որ այս հանցագործներին ամենախիստ ձևով պատժեն՝ անկախ նրանից, թե ինչ հովանավորություն են վայելում նրանք այսօր։ Այո, այսօր մենք ապրում ենք գողացված ուրախության, պատվի և կենսագրության ժամանակներում, դրա համար էլ այսօր խոսելու եմ մեր անելիքների մասին»,- նշեց Սրբազանը։
Ըստ նրա՝ շարժումը նոր է սկսվում, և պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ և համբերատար։
«Մայիսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է, մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, ոմանց մոտ կասկածներ և տագնապ։
Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ընդմիշտ արձանագրել, որ այս շարժումը նոր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է։ Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների, քանի որ սա ճշմարտության համար պայքար է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող ինձ բաժանել այս հավատքից»,- նշեց Սրբազանը։