Գերմանիայում հայտնաբերվել է ենթադրաբար Մոցարտի՝ նախկինում անհայտ ստեղծագործությունը
Գերմանիայում պատահմամբ հայտնաբերվել է կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի՝ նախկինում անհայտ ստեղծագործությունը: Խոսքը 12 րոպեանոց Serenate ex C սերենադի մասին է, որը Մոցարտը ենթադրաբար գրել է 10-13 տարեկանում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է dw.com-ը:
Այն պահվել է Լայպցիգի երաժշտական գրադարանում և հայտնաբերվել Մոցարտի ստեղծագործությունների ամբողջական ցանկի վերահրատարակման աշխատանքների ժամանակ։
Կոմպոզիցիան շատ նման է Մոցարտի ստեղծագործություններին, սակայն մինչ այժմ նրա հեղինակությունը 100 տոկոսով ապացուցված չէ։ Միևնույն ժամանակ, միջազգային Mozarteum հիմնադրամի երաժշտագետ Ուլրիխ Լեյզինգերը պատրաստ է բացառել այլ կոմպոզիտորների հեղինակությունը և պնդել, որ խոսքը միանշանակ երիտասարդ Մոցարտի ստեղծագործության մասին է: