Հայ ժողովուրդն արժանի է անկախ պետականության, քանզի այն հեշտությամբ չի տրվել․ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Սիրելի´ հայրենակիցներ,
Երեսուներեք տարի առաջ` սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը կրկին վերագտավ իր անկախությունը, և, չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, հաստատակամ մնաց ինքնիշխանության ու պետականության պահպանման և ամրապնդման հարցում։
Հայ ժողովուրդն արժանի է անկախ պետականության, քանզի այն հեշտությամբ չի տրվել, այն ձեռք է բերվել դարավոր մաքառումի, պայքարի ու հազարավոր հայորդիների ինքնազոհության գնով:
Անկախությունը ընտրություն էր, որը մենք կատարել ենք, ընտրություն` հանուն ազատության, արժանապատվության և սեփական ճակատագրի նկատմամբ պատասխանատվության:
Բացի բարոյական և հոգևոր արժեքից, անկախությունը նաև նյութական է, շոշափելի` պետության, նրա ինստիտուտների, բանակի, ոստիկանության, հստակ գծված սահմանների, տնտեսության, մշակույթի, սոցիալական կյանքի, հասարակության, մարդու և քաղաքացու ու նրա վարքագծի, իրավունքների ու պարտականությունների տեսքով. և ինչքան կատարյալ ու անխոցելի են դրանք, այնքան հաստատուն են անկախությունն ու ինքնիշխանությունը:
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Կեցցե´ անկախ Հայաստանը,
Փա´ռք անկախության մարտիկներին»,- իր էջում գրել է Ղազարյանը: