Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է դատավորների գործունեության գնահատման նոր նախագիծը
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը առցանց քննարկում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։
Առցանց հանդիպման մեկնարկը տրվել է Տիգրան Դադունցի բացման խոսքով, որով նա շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին համատեղ փորձագիտական կարծիքը տրամադրելու պատրաստակամության համար, այնուհետև անդրադարձել է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման և գնահատման նոր մոդել ներդնելու անհրաժեշտությանը և նպատակահարմարությանը: Այնուհետև քննարկումը ծավալվել է նախագծի հիմնական թիրախային կետերի ուղղությամբ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առաջարկվող նոր մոդելով ձևավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման հարցերին, հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, դատավորների գործունեության գնահատման պարբերականությանը, մեթոդաբանությանը, գնահատման հետևանքներին:
2024 թվականի օգոստոսի 5-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությանն է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսելու և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման և գործունեության նոր մոդել ներդնելու օրենքի նախագիծը՝ խնդրելով Վենետիկի հանձնաժողովից և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ակնկալվում է ստանալ այս տարվա հոկտեմբերին:
Առցանց հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի իրավախորհրդատու Տարաս Փաշուկը, ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Դուրո Սեսսան, Վենետիկի հանձնաժողովի պատվավոր նախագահ Հաննա Սուչոկան, Վենետիկի հանձնաժողովի Բոսնիա և Հերցեգովինայի անդամ Զլատկո Կնեժևիչը, Վենետիկի հանձնաժողովի Էստոնիայի անդամ Լաուրի Մելքսոոն, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանը: