Մինչև 35 մլրդ եվրոյի վարկ՝ Ուկրաինային
Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է Եվրամիության մշտական աջակցությունը՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։
«Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում: Սա ԵՄ-ի ևս մեկ կարևոր ներդրումն է Ուկրաինայի վերականգնման գործում»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադրություն է հայտնել վերջակետ դնել հակամարտությանը 2024 թվականին: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս հզորացնել Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի անցկացվի խաղաղության երկրորդ գագաթնաժողովը։