Արդարադատության նախարարի տեղակալը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։
Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքը, ինչպես նաև 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքները:
Ներկայացվել է ռազմավարության մշակման, իրականացման և մշտադիտարկման փուլերում քաղաքացիական հասարակության ներգրավման և ներառականության ապահովման ընթացքը։
Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մեթոդաբանությանը և գնահատման ենթակա բոլոր երկրներում մեթոդաբանության միասնական կիրառման անհրաժեշտությանը։