Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը.
«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
1. Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:
3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:
2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:
Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»: