Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, ովքեր չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև վթարված «BMW»-ն խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ այդ հետիոտները, տեսնելով՝ ինչ արեցին, ու նկատելով, որ պարեկները մոտենում են, հեռացել են դեպքի վայրից: