Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է ավելի քան 450 մարդ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։
Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։ Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։
Իսրայելը չի մեկնաբանել այս պայթյունները, սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 18-ին խոսել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, ինչպես նաև գովել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայություններին՝ ասելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»։