Հաճախ մարդը պետական խոսակցությունները սերիալի պես է ընկալում, պետք է ուժեղացնենք իրականության հետ կապը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ օրենքների կիրառման հետևողականությանը։
Ըստ նրա՝ երբեմն շատ է շահարկվում, որ օրենքում մի բան է գրված, բայց իրականությունն այլ է։
Նա օրինակ բերեց հակածխախոտային օրենսդրությունը՝ ասելով, որ այն չի կիրառվում ու, դա, փաստարկ բերելով, նշվում է, թե պետք է չեղյալ հայտարարել այդ օրենքը. «Կոպիտ օրինակ բերեմ․ երկրում Քրեական օրենսգիրք կա, բայց ամեն օր մարդիկ գողություն են անում։ Մենք պետք է հետևողական լինենք մեր քաղաքականության մեջ»։
Վարչապետը նկատեց՝ նորմալ երկրում իրավակարգը միայն ոստիկանության վրա չէ․ «Եթե քաղաքացին տեսնում է՝ մարդիկ օրենք են խախտում և ծխում, պետք է իրենք էլ կանխեն։ Կողքի նստած մարդը պետք է ասի՝ մի՛ ծխիր, եղբայր, անհարմարություն ես պատճառում։ Իրավակարգն այն է, երբ որ քաղաքացին ինքը դա չի կարողանում անի, նոր ոստիկանը անի»։
Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ շատ հաճախ մարդը պետական խոսակցությունները սերիալի պես են ընկալում․ «Ասում են՝ հա ասում, խոսում են էլի, ձևը էդ ա, բոլորն էլ տենց են ասում։ Մեր խնդիրն այն է, որ ուժեղացնենք քաղաքական տեքստերի ու իրականության կապը»: