Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս ուղղությամբ հետևողական ջանքերի ներդրումը:
Հադիպմանը բարձր է գնահատվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումները:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: