Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն ու եղբայրը հրավիրվել են դատախազություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» համակարգից։
Ըստ հրապարակված տեղեկության՝ Արա Մկրտչյանը և Հայկ Մկրտչյանը ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Մկրտչյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Պատգամավորի հայրը՝ Արա Մկրտչյանը, պետք է դատախազություն ներկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, իսկ եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը, 11:00-ին։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը` Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել 15 մլն դրամ գրավի դիմաց: