Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետ
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում, անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարությունների համաձայն, նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: «Ասում ենք՝ եկեք ինչ համաձայնեցված է, ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչ որ համաձայնեցված չէ: Եվ հնչում է տեսակետ, որ՝ ոչ, մինչև ամեն ինչ չհամաձայնվեցի, կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ կներեք, քանի՞ հոդված պետք է դա լինի:
Տեսեք՝ հնչում է հայտարարություն, որ մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Ես բերեմ մի օրինակ՝ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել: Այս նրբությունը կարողանո՞ւմ եմ բացատրել: Ենթադրենք՝ կա իքս թվով հոդված, այդ ամեն ինչը համաձայնեցվա՞ծ է: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք այդ էլ համաձայնեցնել: Կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել:
Այսինքն՝ ոչ մի տեղ չկա գրած, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված, և չի կարող ունենալ 17 հոդված կամ 15, կամ 14, կամ 13: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր և կամ որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: «Մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, կարո՞ղ է շրջանակ դառնալ, շրջանակային նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, այո՛, կարող է: Ասում ենք՝ եկեք ստորագրենք, գնանք այն ենթադրվող 27, 28, 30, 40 հոդվածները քննարկենք, որովհետև դա ստորագրելուց հետո այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո մյուս հարցերը համաձայնեցնելն ավելի հեշտ կլինի:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը նշել է. «Ի՞նչ նկատի ունեն իրենք, ենթադրում ենք, որ նկատի ունեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը: Կա՞ այդպիսի բան Անկախության հռչակագրում, այո՛, կա այդպիսի բան: Դա նշանակո՞ւմ է, որ այդ բովանդակությունն արտահայտված է Սահմանադրության մեջ. Սահմանադրության մեջ այդպիսի բան չկա գրված, և չի նշանակում, որ այդ բովանդակությունն արտահայտված է: Ինչո՞ւ եմ ես այսպես մտածում, որովհետև Անկախության հռչակագրում կա 5-րդ հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովելու համար ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն:
Ըստ Անկախության հռչակագրի՝ Հայաստանի բոլոր ուժային կառույցները ենթարկվում են Գերագույն խորհրդին: Բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, բոլոր ուժային կառույցները դրվել են Հանրապետության նախագահի ենթակայության տակ: Հակասե՞ց Սահմանադրությունն Անկախության հռչակագրին, այո՛, հակասեց: Եվ, հետևաբար, Սահմանադրության մեջ արտահայտվել է Անկախության հռչակագրի այն բովանդակությունը, որը բառացի և տառացի արտահայտված է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու հնարավորություններին: Վարչապետն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու՝ ՀՀ Կառավարության պատրաստակամության մասին է:
«Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց ձորով, մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել: Ի՞նչ սկզբունքներով, ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը: Այսինքն՝ ինչպես, օրինակ՝ աշխարհի բոլոր երկրների ճանապարհները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը: