Instagram-ը դեռահասների օգտահաշիվների նկատմամբ որոշակի վերահսկողություն է սահմանել
Instagram սոցիալական հարթակում դեռահասների օգտահաշիվների օգտագործման նոր կանոններ են ներմուծվել, քանի որ ցանցի սեփականատեր Meta ընկերությունը փորձում է հարթակն ավելի ապահով դարձնել երեխաների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Սեպտեմբերի 17-ից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում 18 տարեկանից ցածր ցանկացած անձ, որը գրանցվում է Instagram-ում, կունենա դեռահասների համար հատուկ սահմանափակող օգտահաշիվ, իսկ արդեն գրանցված օգտահաշիվները համապատասխան փոփոխության կենթարկվեն առաջիկա 60 օրվա ընթացքում։
Meta-ն նաև կկիրառի հատուկ միջոցներ, որպեսզի նույնականացնի այն օգտահաշիվները, որոնց դեռահաս օգտատերերը սխալ են լրացրել տվյալները և ներկայացել որպես չափահաս։
Դեռահասներն աձնական նամակներ կարող են ստանալ միայն այն օգտահաշիվներից, որոնց հետևում են կամ որոնց հետ արդեն կապված են։ Կսահմանափակվեն «զգայուն բովանդակությունը», օրինակ՝ կռվի տեսարանները, կամ այնպիսի նյութերը, որոնք գովազդում են կոսմետիկ պրոցեդուրաներ։ Դեռահասները նաև ծանուցում կստանան, եթե 1 ժամից ավելի մնան սոցցանցում, իսկ ժամը 22:00-ից 7:00-ն կակտիվանա «քնի ռեժիմ», որի ընթացքում կանջատվեն ծանուցումները, և անձնական նամակներին կուղարկվի ավտոմատ պատասխան։
Այս բոլոր կարգավորումները կմիացվեն բոլոր դեռահասների համար։ 16 և 17 տարեկանները կկարողանան դրանք անջատել, իսկ 16 տարեկանից ցածր դեռահասներին այդ կարգավորումներն անջատելու համար անհրաժեշտ կլինի ծնողների թույլտվությունը։
ԵՄ երկրներում այս կարգավորումները կներմուծվեն տարվա ընթացքում, իսկ 2025 թ. հունվարից դրանք կսկսեն գործել նաև աշխարհի այլ երկրներում։