Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
Աշտարակ քաղաքի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․ Մեծի փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում իրականացվել են անհետաձգելի առաջնային գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել դեպքի վայրը, հարցաքննվել են անձինք։
Պարզվել է, որ դպրոցի նկուղում բետոնի պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաացու վրա, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի և շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բժշկական հաստատությունից ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի բնակչի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուս անձն արդեն դուրս է եկել հիվանդանոցից։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել էր աշխատակիցների վրա։