Ոչ թե ԵԱՏՄ-ի հետ առևտրի ծավալները նվազեցնելու, այլ ԵՄ-ի և այլ շուկաների հետ ավելացնելու խնդիր ենք դրել․ ՀՀ վարչապետ
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության ծավալների նվազեցման խնդիր չի դրվել, այլ խնդիր է դրվել ԵՄ-ի և այլ շուկաների հետ ծավալները ավելացնելու։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։
«Այո, ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդող շրջանում աճել է և շարունակում է աճել, և այստեղ զարմանալի ոչ մի բան չկա, որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Հետևաբար, մեր արտադրողի և գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները։ Անկեղծ ասեմ՝ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու խնդիր մենք չենք տեսնում ԵԱՏՄ-ի հետ, այլ խնդիր ենք դնում ավելացնելու ԵՄ-ի, այդ թվում ԵԱՏՄ-ի այլ շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալները»,- ասաց վարչապետը։
Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ նաև, որ տնտեսական դիվերսիֆիկացիան ենթադրում է որոշակի գործընթաց։
«Այստեղ է նաև, որ և Եվրամիության, և ԱՄՆ-ի, և մեր մյուս գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։