ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ
Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
«Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում իմ արած հայտարարությունից հետո այդ հարցը քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է՝ թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պետք է որդեգրի Եվրամիությանն անդամագրելու ուղեգիծ։ Բայց այստեղ պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ, և նույնիսկ երկկողմանի գործողություն չէ։ Այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։ Պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ Այստեղ շատ կարևոր է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները, այստեղ շատ կարևոր է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպես կզարգանան»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հանգամանքների բերումով չէ ժողովրդավարություն որդեգրել, այլ դա Հայաստանի ռազմավարությունն է։
«Այդ ռազմավարության շարունակությունը մերձեցնելու է Եվրամիության, ԱՄՆ-ի և արևմտյան գործընկերների հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք մեր ժողովրդավարությունը որևէ պարագայում չպետք է հակադրենք մեր տարածաշրջանին և մեր տարածաշրջանային քաղաքականությանը։ Նույն Եվրամիության հետ կապված մեր հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ։ Ընդ որում, թափանցիկ պետք է լինեն Եվրամիության մեր գործընկերների մտադրությունները և այդպես շարունակ։ Ըստ էության, չեմ կարող բացառել, որ եթե մենք տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում՝ կառավարելի պահելով հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը բաց չենք թողնի»,-եզրափակեց Փաշինյանը։