ՌԴ Տորոպեց քաղաքում ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվում է զինամթերքի պահեստ, հայտարարվել է տարհանում
Ռուսաստանի Տվերի մարզի Տորոպեց քաղաքի իշխանությունները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում։
Նշվում է, որ Տորոպեցի մունիցիպալ շրջանի վարչակազմը հայտարարել է բնակչության մասնակի տարհանում։ Բնակչությանը կոչ է արվել չհրապարակել կադրեր ԱԹՍ-ների ընկնելու վայրից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տորոպեցի հարևան Զապադնայա Դվինա քաղաքի իշխանությունները հայտարարել են դպրոցների և մանկապարտեզների փակվելու մասին։ Միևնույն ժամանակ Տորոպեցի իշխանությունները հայտարարել են, որ մարդկանց տարհանելու են Զապադնայա Դվինա։ Ենթադրվում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կարելի է տեղավորել Տորոպեցից տարհանվածներին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 54 ԱԹՍ խոցելու մասին ՌԴ հինգ մարզերում՝ Կուրսկում, Բրյանսկում, Սմոլենսկում, Բելգորոդում և Օռլովում, սակայն Տորոպեցի վրա իրականացված հարձակման մասին ոչինչ չի նշվում։