ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի հետագա գոյության և պետականության համար․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան ՀԱՊԿ-ում չեն հնչում Հայաստանի հարցերի պատասխանները, այդքան ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, մեծ է հավանականությունը, որ կանցնի անդառնալիության կետը։ Վարչապետն այս մասին հայտարարեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխության մասին։
«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորություններն, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Եվ մենք սառեցրել ենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում»,-ընդգծեց վարչապետը։
Արձագանքելով ՀԱՊԿ-ում քննարկվող այն թեմային, թե արդյոք Հայաստանը մտածում է կամ փորձում է վերադառնալ ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանի հնչեցրած հարցերը ստանան սպառիչ պատասխաններ։
«Մեր այս շեշտադրումներից անցել է ուղիղ երկու տարի և պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու։ Եթե նույնիսկ ակնհայտ չէ, ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, այդքան ամեն րոպե և ամեն վայրկյանի հետ Հայաստանի Հանրապետությունն ավելի է ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եվ կա արտահայտություն՝ «точка невозврата» (անդառնալիության կետ-խմբ․) և եթե այն չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,-եզրափակեց Փաշինյանը։