ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է Բայդենի և Հարիսի վերաբերյալ Մասկի գրառման մասին
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է X սոցիալական ցանցում միլիարդատեր Իլոն Մասկի գրառման մասին, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ մահափորձեր չեն արվել, հաղորդում է Reuters գորրծակալությունը։
X-ի սեփականատեր Մասկը, որը հարթակում ունի 197 միլիոն հետևորդ, ԱՄՆ նախկին նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո գրառում էր արել թեմայի շուրջ։
«Եվ ոչ ոք նույնիսկ չի փորձում սպանել Բայդենին/Քամալային», - նշել էր Մասկը՝ գրառմանն ավելացնելով հոնքը բարձրացրած էմոջի։
X-ի օգտատերերը քննադատել էին նրան՝ նշելով, որ այդ գրառումը կարող է Բայդենի և Հարիսի դեմ բռնություններ հրահրել։ Մասկը ջնջել է գրառումը, սակայն Գաղտնի ծառայությունը, որի գործն է պաշտպանել ներկա և նախկին նախագահներին, փոխնախագահներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ուշադրություն է դարձրել գրառմանը։
«Գաղտնի ծառությունը տեղյակ է սոցիալական մեդիայում Իլոն Մասկի գրառման մասին, և մեր գործելակերպից ելնելով՝ մենք չենք մեկնաբանում պաշտպանական հետախուզության հետ կապված հարցերը։ Մենք, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Գաղտնի ծառայությունը հետաքննում է բոլոր սպառնալիքները, որոնք վերաբերում են մեր պաշտպանյալներին», - էլեկտրոնային նամակով Reuters-ին հայտնել է ծառայության խոսնակը:
Իլոն Մասկը գրառումը ջնջելուց հետո մեկ այլ գրառում է արել X-ում՝ նշելով, որ կատակում էր։
«Դե ինչ, ես քաղեցի մի դաս, որ եթե ինչ-որ բան ասում ես որևէ խմբի առջև, և նրանք ծիծաղում են, դա չի նշանակում, որ դա նույնքան զվարճալի կլինի X-ում կատարած գրառման տեսքով։ Պարզվում է, որ կատակներն անհամեմատ ավելի քիչ զվարճալի են, եթե մարդիկ չգիտեն դրա համատեքստը, և դա տեղ է հասցվում հասարակ տեքստի միջոցով», - գրել է Մասկը, որն ընտրություններում աջակցում է Թրամփին։
Սպիտակ տան խոսնակ Էնդրու Բեյթսը քննադատել է Մասկին իր նախորդ գրառման համար՝ նշելով, որ բռնությունը պետք է միայն դատապարտել, ոչ թե խրախուսել կամ կատակի թեմա դարձնել։