ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում «ժողովրդավարության խարխլման» համար
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «խարխլել են հիմնարար ազատությունները, ներառյալ կարծիք հայտնելու ազատությունը» Վրաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները կիրառվել են Վրաստանի կառավարության երկու պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են «խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան բռնաճնշումների» հետ, և երկու մասնավոր անձանց նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են հավաքների ազատությունը և կարծիքների խաղաղ արտահայտումը բռնությամբ ճնշելուն։
Ցուցակում ներառվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալ Միլերի Լագազաուրին։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են ուլտրապահպանողական ռուսամետ Alt-Info հարթակի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեն և Կոնստանտին Մորգոշիան։
ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին այցագրային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը մասնակից լինելու համար»։
Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ այդ անձանց թվում են բարձրաստիճան պետական և մունիցիպալ գործիչներ, «որոնք չարաշահել են իրենց իշխանությունը՝ սահմանափակելով վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները», կոռումպացված գործարարներ, ապատեղեկատվություն տարածող և ծայրահեղականություն քարոզող անձինք, իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք մասնակցել են ցուցարարների ծեծին, և խորհրդարանի պատգամավորներ, որոնք կարևոր դեր են խաղացել «ոչ ժողովրդավարական օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության սահմանափակումները խթանելու գործում»:
Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև հարաբերությունները վատթարացել են Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։