Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian
Բրիտանական The Guardian պարբերականը, վկայակոչելով մի շարք իրավապաշտպանների ու ակտիվիստների հրապարակումները, ՄԱԿ-ի ներկայիս կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանի՝ համաժողովի ժամանակ համաշխարհային զինադադարի կոչ անելը կեղծավոր քայլ է համարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է պարբերականի հրապարակած հոդվածում:
Հոդվածը հիշեցնում է, որ Ադրբեջանը գլխավորում է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ից երկու շաբաթ կանցկացվի մայրաքաղաք Բաքվում։ Սպասվում է, որ կմասնակցեն,աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ իսկ միջոցառմանը կներկայացվեն ավելի քան 180 երկրներ:
Պարբերականը նշում է, որ Կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ առաջ և հետո Ադրբեջանը կոչ է անում հակամարտող բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Գագաթնաժողովը կներառի նաև հատուկ «խաղաղության օր» նոյեմբերի 15-ին և COP29 խաղաղության և կլիմայի նախաձեռնությունը, որն ուղղված է օգնելու առավել խոցելի երկրներին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլոց աջակցությամբ:
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հետ կապված հակամարտությունները, որոնք երկուսն էլ Ադրբեջանի հարևանությամբ են, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողներից է և ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր, մինչդեռ Ադրբեջանը Եվրոպա գազ է մատակարարում Ռուսականի փոխարեն։ Սպասվում է, որ կլիմայական հարցերի շուրջ դիվանագիտական համաձայնությունների ձեռքբերումը բարդ գործընթաց է, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը։
Ըստ The Guardian-ի կողմից ձեռք բերված՝ հրադադարի կոչի գաղտնազերծված նախագծի՝ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար: «COP29-ը բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու բաժանումները և գտնելու ճանապարհներ դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և ոչնչացնում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը խորացնում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում՝ 180 բառից բաղկացած կարճ տեքստում:
Պարբերականի հոդվածի համաձայն՝ այնուամենայնիվ, ակտիվիստները մատնանշում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը՝ հիշեցնելով, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց հարձակումը: Իրավապաշտպաններն պնդում են, որ Ադրբեջանը շարունակում է հարյուրավոր քաղբանտարկյալների պահել:
Ոմանք մեղադրում են COP հյուրընկալող երկրին կեղծավորության մեջ: Unilever-ի նախկին ղեկավար և այժմ կլիմայի ու խաղաղության ակտիվիստ Փոլ Փոլմանը հայտարարել է, որ «COP զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որի նպատակն է ուշադրությունը շեղել անցյալում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից։
«Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն պետք է պարտավորվի մինչև COP29-ն ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալների»,- ավելացրել է Փոլմանը:
Իբադ Բայրամովը, ում հայրը՝ Գուբադ Իբադօղլուն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս ու ձերբակալվածներից մեկն է, ասել է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանը քողարկված ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը՝ բանտարկելով ընդդիմության ձայները: Քանի որ COP29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի ռեպրեսիվ մարտավարության վրա»:
Կոնֆլիկտների և շրջակա միջավայրի դիտորդական կենտրոնի խոսնակն ասել է զինադադարի կոչի մասին. «Դա չի անդրադառնում հակամարտության հիմնական պատճառներին: Դա նման է վիրակապի՝ խորը վերքի վրա: Մի քանի շաբաթով հակամարտությունների դադարեցումը կյանքեր կփրկի, ինչը լավ է, բայց հետո ամեն ինչ կվերադառնա նախկինին: COP-ը կարող է հանգեցնել խաղաղության և կլիմայական արդարության համար բովանդակալից գործողությունների, բայց դա պետք է ներառի ռազմական գործողությունների և կլիմայական ճգնաժամի վրա ազդող հակամարտությունների ազդեցությունը»:
Ադրբեջանի կառավարությունը մերժել է այս քննադատությունները։ COP-ում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Այն, ինչ մենք փնտրում ենք, ընդհանուր է։ Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում։ Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ»։