Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը դատական նիստին վատացավ. դատական նիստը տեղափոխվեց
ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը տեղափոխվեց չորեքշաբթի՝ առավոտյան 09:00-ին։ Թովմասյանը դատական նիստի ժամանակ առողջական խնդիր ունեցավ։
Նշենք, որ արդեն հինգերորդ օրն է՝ Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։
Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։