Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա
Պաղեստինյան իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։
Մեկ այլ հարված հասցվել է Գազա քաղաքի տներից մեկին՝ 6 մարդու կյանք խլելով։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է միայն զինյալներին և ՀԱՄԱՍ շարժմանն ու այլ զինված խմբավորումներին մեղադրել է բնակելի տարածքներում գործելու և խաղաղ բնակչությանը վտանգի տակ դնելու մեջ։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվեց 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 41 200-ը։