Շանհայում մոլեգնում է 75 տարվա ընթացքում ամենաուժեղ թայֆունը
«Բեբինկա» թայֆունը, որը սեպտեմբերի 16-ի առավոտյան հասել է Չինաստանի արևելքում գտնվող Շանհայ, քաղաքում ամենաուժեղն է դարձել 1949 թվականից ի վեր, հայտնում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Ըստ Չինաստանի Կենտրոնական օդերևութաբանական վարչության՝ «Բեբինկա» թայֆունը Շանհայ է հասել սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 7:30-ին. այդ ժամանակ քամու առավելագույն ուժգնությունը հասել է վայրկյանում 42 մետրի:
Ակնկալվում է, որ «Բեբինկա»-ն կշարունակի շարժվել դեպի արևմուտք-հյուսիս-արևմուտք` ժամում շուրջ 25 կիլոմետր արագությամբ՝ աստիճանաբար թուլացնելով ինտենսիվությունը։
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը թայֆունի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ էր հայտարարել։
Շանհայի «Պուդուն» և «Հունցյաո» օդանավակայանները սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ից հետո չեղարկել են բոլոր չվերթերը մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 14:00-ն: Ժամանակավորապես չվերթերը դադարեցրել է նաև Նինգբո քաղաքի օդանավակայանը։
Բացի այդ, Յանցզի գետի դելտայի երկաթուղու մի քանի գծերով դադարեցվել է մարդատար գնացքների երթևեկությունը։ Շանհայում արագընթաց ճանապարհները փակ են կամ գտնվում են հսկողության տակ, ճանապարհներին սահմանված է երթևեկության արագության սահմանափակում` ժամում 40 կիլոմետր: