Հնդկաստանում ձերբակալել են Samsung-ի գործարանում գործադուլ անցկացնող 104 աշխատակցի
Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են գործադուլ անցկացնող 104 աշխատողների և արհմիությունների ղեկավարների, որոնք պլանավորում էին երթի դուրս գալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Աշխատողները բողոքում են Հնդկաստանի հարավում՝ Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձի դեմ և պահանջում են ավելի հարմար աշխատանքային ժամեր: Աշխատակիցները գործադուլ են անում արդեն մեկ շաբաթ՝ խափանելով արտադրությունը Հնդկաստանում տարեկան 12 միլիարդ եկամուտի մեկ երրորդն ապահովող գործարանում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ աշխատողները պլանավորում էին երթ անցկացնել` դրա համար չունենալով պաշտոնական թույլտվություն։
Կանչիպուրամի շրջանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ձերբակալվածներին պահում են հարսանյաց սրահներում, քանի որ նրանք բոլորը չեն կարող տեղավորվել տեղամասերում։
Գործարանն արտադրում է կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ։ Այնտեղ աշխատում է 1800 մարդ։ Samsung-ի մյուս գործարանում, որը գտնվում է Ուտար Պրադեշի նահանգում և որտեղ արտադրվում են սմարթ հեռախոսներ, ոչ մի ակցիա չի անցկացվում։