Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը
Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը ապատեղեկատվություն է համարել գերմանական լրատվամիջոցի տեղեկատվությունը, թե Կիևի կողմից ԱՄՆ-ի ներկայացուցիչներին փոխանցվելիք ծրագիրը ներառում է նաև մարտական շփման գծում տեղային հրադադար հաստատելու պատրաստակամության մասին կետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Украинская правда»-ին տված մեկնաբանությունում Դմիտրի Լիտվինը հայտարարել է, որ գերմանական Bild թերթը կեղծ լուր է տարածել:
«Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը, և այն սակավաթիվ մարդկանցից, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստման մեջ, ոչ մեկը չի խոսել Bild-ի հետ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականը՝ հավելելով, որ Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը։
Ավելի վաղ՝ գերմանական թերթը գրել էր, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «հաղթական պլանը», որը Զելենսկին ցանկանում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին, ներառում է որոշակի գծերում հրադադարի՝ Կիևի պատրաստակամությունը: