Իսրայելի վարչապետը սպառնացել է Եմենի հութիներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Եմենի հութիներին այն բանից հետո, երբ Եմենից բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոնի ուղղությամբ, գրում է Times of Israel-ը։
«Հութիներն արդեն պետք է իմանային, որ մենք մեծ գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար։ Նրանք, ովքեր հիշեցման կարիք ունեն, կարող են այցելել Հոդեյդա նավահանգիստ»,- հայտարարել է նա կառավարության նիստի սկզբում:
Իսրայելը հարված էր հասցրել հութիների վերահսկած գլխավոր նավահանգստին հուլիսի 20-ին այն բանից հետո, երբ խմբավորման կողմից արձակված անօդաչուն գրոհել էր Թել Ավիվը, ինչի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել չորս մարդ: Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին ստանձնել էր հրթիռային այդ հարվածի պատասխանատվությունը: