Հայաստանը Սու-30 կործանիչների արդիականացման հարցում ակնկալում է Հնդկաստանի աջակցությունը. ԶԼՄ
Հայաստանն ակնկալում է Հնդկաստանի օգնությունը՝ թարմացնելու համար ռուսական Սու-30 կործանիչների իր պարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով քաջատեղյակ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Սու-30-ների արդիականացումը, որն ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիասարքավորումներ, մարտի վարման էլեկտրոնային սարքավորումներ ու զենքեր:
«Մենք դիտարկում ենք մեր Սու-30-ների արդիականացումը Hindustan Aeronautics Limited-ի օգնությամբ, քանի որ այն ոլորտում մեծ փորձ ունի»,- բազմակողմ հանդիպման շրջանակում լրատվամիջոցին ասել է Հայաստանի զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները Ջոդհփուրի ավիաբազայում կազմակերպված International Defense Aviation Exposure 2024-ում, ինչպես նաև զորավարժություններին, որոնց նպատակն էր աշխարհի 28 երկրների ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչներին ցուցադրել Հնդկաստանի հնարավորությունները պաշտպանական արտադրության ոլորտում:
Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Հայաստանի հետաքրքրությունը Սու-30-ի արդիականացման հարցում:
Նա նշել է, որ դրա շուրջ խոսակցություն իրոք տեղի է ունենում, բայց այն գտնվում է նախնական փուլում՝ ընդգծելով նաև Հայաստանի կողմից շահագործվող Սու-30-ի տարբերությունը Հնդկաստանի ԶՈՒ սպառազինությունում գտնվող Սու-30MKI-ներից։
Միաժամանակ, լրատվամիջոցի աղբյուրը շեշտել է, որ դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանում բարդ իրավիճակը, ինչպես նաև Հնդկաստանի երկարամյա և վստահելի պաշտպանական գործընկեր Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ մերձեցումը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո: