«Պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին, գրել է BBC-ն։
Հռոմի պապը չի նշել երկու թեկնածուների անունները, սակայն ակնարկել է երկու քաղաքական գործիչների դիրքորոշումները միգրանտների և աբորտների վերաբերյալ։ «Մեկը ցանկանում է արտաքսել միգրանտներին, իսկ մյուսը սպանում է երեխաներին»,-ասել է նա:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուր հարձակումներ է կատարում միգրանտների վրա, որոնց հանրապետական թեկնածուն մեղադրում է հանցավորության և գործազրկության կտրուկ աճի մեջ։ Նա հանդես է գալիս սահմանը ապօրինի հատած միլիոնավոր մարդկանց արտաքսելու օգտին:
Միաժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտպանում է կանանց աբորտի իրավունքը, ինչը կտրուկ դատապարտում է կաթոլիկ եկեղեցին։
BBC-ն գրում է, որ Հռոմի պապը, որպես կանոն, քաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չի անում, սակայն նրա կարծիքը կարող է ազդել Միացյալ Նահանգների 52 միլիոն կաթոլիկների դիրքորոշման վրա:
Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ամերիկացի հավատակիցներին ընտրությունների հարցում, Ֆրանցիսկոսն ասել է. «Չքվեարկելն անընդունելի է։ Դա շատ վատ է։ Դուք պետք է քվեարկեք։ Դուք պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը: Իսկ թե ո՞րն է չարյաց փոքրագույնը՝ չգիտեմ»,- ասել է Հռոմի Պապը: