Բայդենն ու Սթարմերը վերահաստատել են իրենց անփոփոխ աջակցությունն Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ կողմերը հանգամանալից քննարկում են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ:
«Նրանք վերահաստատել են իրենց անփոփոխ աջակցությունն Ուկրաինային, որը շարունակում է պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Նրանք խոր մտահոգություն են հայտնել Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բայդենն ու Սթարմերը նաև աջակցություն են հայտնել Իսրայելի անվտանգությանը, ընդգծել հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը:
Լրատվամիջոցները նշում են, որ ղեկավարների քննարկումների առանցքում եղել է Ուկրաինայի համար արևմտյան զենքով Ռուսաստանի խորքում ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակման վերացման հարցը: