Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցադրություն
«Արվեստը պետք է առաջացնի զգացմունքներ, այլապես այն պարզապես զարդարանք է»․ 1957թ․ Հունաստանում ծնված հայկական արմատներով նկարիչ Ետուարտ Սագաեանը հայտնի է իր յուրահատուկ և տարբերվող ոճով: Նրա աշխատանքներում հաճախ համադրվում են աբստրակտ և ֆիգուրատիվ տարրեր և նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրությանը: Սագաեանն առավելապես ճանաչում է ստացել իր յուրահատուկ դիմանկարներով, որոնք արվեստագետների շրջանում ստացել են «Հանդիսատես» անվանումը: Նրա գունագեղ նկարներում տարբեր ինքնության, տարիքի և սեռի հանդիսատեսները պատկերված են կողք կողքի և նայում են մեզ այնպես, ինչպես մենք՝ իրենց: Արվեստագետն այդպիսով ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նկարում պատկերված կերպարի դերում:
Հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակին: Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, իսկ նրա պատվին կազմակերպվել է 40-ից ավելի անհատական ցուցահանդես, ինչի շնորհիվ Սագաեանը մեծ ճանաչում է ստացել հույն և միջազգային արվեստագետների շրջանում:
«Իմ Քայլը» հիմնադրամի և Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 18-20-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցադրություն:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին կայանալու է ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը, տեղերը սահմանափակ են։
Սիրով բոլոր արվեստասերներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-20-ը Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքներին: Մուտքն ազատ է: