Կրեմլում հայտնել են, որ համաձայն չեն Ղրիմի վերաբերյալ էրդողանի հայտարարությունների հետ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու մասին։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը։
Սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ»-ում՝ Թուրքիայի նախագահն ասել էր, որ թերակղզու վերադարձն Ուկրաինային պահանջվում է միջազգային իրավունքով, և որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի՝ հիմնվելով Ուկրաինայի ինքնիշխանության վրա։
Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կարծիքներն այս հարցում «լիովին տարբեր են», սակայն ռուսական կողմը շարունակում է իր դիրքորոշումը հասցնել թուրքական կողմին։
«Միևնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում նպատակաուղղված փորձերից՝ շարունակելու մեր թուրք ընկերներին և գործընկերներին բացատրել մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա Անկարային թույլ կտա ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ հասկանալ և համաձայնել մեր փաստարկների հետ», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Թուրքիայի նախագահի հայտարարությունները կապված են իր տնտեսության վրա ԱՄՆ պատժամիջոցների ճնշումը նվազեցնելու ցանկության հետ, Դմիտրի Պեսկովն ասել է, որ Թուրքիան «շարունակում է առաջնորդվել բացառապես սեփական շահերով»։
«Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ զերծ չմնալով թուրքական տնտեսության վրա հետևանքների մասին սպառնալիքներից», - ասել է Կրեմլի խոսնակը:
Սեպտեմբերի 11-ին Լատվիայում տեղի է ունեցել «Ղրիմի հարթակ» ֆորումի մասնակից երկրների առաջնորդների 4-րդ գագաթնաժողովը։ Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ դեմ է եղել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուն։ Նրա խոսքով՝ Ղրիմի բռնակցումն ավելի է խորացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հասցվող վնասը։ Նա նշել է, որ Ուկրաինայի անկախությանն աջակցելը Թուրքիայի մշտական առաջնահերթությունն է։