Ուկրաինական ուժերն ի վիճակի չեն օգտվել արևմտյան զինատեսակներից․ Պուտին
Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնելու սահմանափակումները հանելու հնարավորությանը:
Այս հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում են Ուկրաինան և Կիևի դաշնակիցները: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ այժմ խոսքը միայն Ռուսաստանի տարածքին հարվածելու մասին չէ, քանի որ ուկրաինական ուժերն արդեն վաղուց անօդաչուներով և այլ միջոցներով թիրախավորում են ռուսական բնակավայրերը:
«Սակայն երբ խոսում ենք արևմտյան հեռահար ճշգրիտ զենքի կիրառման մասին, դա բոլորովին այլ պատմություն է: Ուկրաինական ուժերն ի վիճակի չեն օգտվել այդ զինատեսակներից: Դա կարող են անել ՆԱՏՕ-ի զինվորականները: Ուստի առաջ է գալիս հակամարտությանը ՆԱՏՕ-ի երկրների անմիջական ներգրավվածության հարցը»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է՝ եթե նման որոշում կայացվի, հակամարտության բուն էությունը կփոխվի: «Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Եվ հարկավոր կլինի համապատասխան որոշումներ կայացնել»,- նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը։