Դաշնակցական պատգամավորը մեկ հոդվածով արդարացվել է, մյուսով՝ մեղավոր ճանաչվել. պաշտպաններ
2023 թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը վճռել է.
1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել.
2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ, կատարել էր խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել էր թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)):
Նշենք, որ Ազգային ժողովն էլ 65 կողմ ձայով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։