Նորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները
Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտի հետ։
Նորվեգիայի արտգործնախարարը մանրամասնել է, որ որոշում է կայացվել վերացնել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները, որոնք Նորվեգիան 2019-ին սահմանել էր Թուրքիայի դեմ։
Դրան ի պատասխան՝ Հաքան Ֆիդանը ողջունել է նորվեգական կառավարության որոշումը և նշել, որ նման սահմանափակումները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն։
Նշենք, որ Նորվեգիան ու Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամներ են։ Առաջինն անդամակցել է 1949 թվականին, երկրորդը՝ 1952 թվականին։
Նորվեգիան վերոհիշյալ սահմանափակման որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ Թուրքիան 2019-ին Սիրիայում սկսկել էր «Խաղաղության ակունք» օպերացիան։