Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը Հայաստանին զինելու է. Լիլիթ Դալլաքյան
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ առաջիկա ամիսների ընթացքում ոչ միայն իրատեսական չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ նաև կանոնակարգի վավերացումը:
«Իմ կարծիքով՝ Ադրբեջանում խորհրդարանը ցրելու նպատակը հենց դա չվավերացնելն էր: Իսկ եթե վավերացնի խորհրդարանը, արդյոք Սահմանադրական դատարանը կվավերացնի՞ այն, քանի որ իրենց Սահմանադրության մեջ հակասություն կա Ալմա-Աթայի հռչակագրի հետ, իրենք իրենց չեն ճանաչում Սովետական միության իրավահաջորդ: Ստացվում է՝ մեխանիկորեն Ալմա-Աթան էլ չեն ճանաչում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Դալլաքյանը:
Նրա համոզմամբ՝ միակողմանի խաղաղության չեն գնում, իսկ այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում և այս պահին էլ շահ չունի գնալ խաղաղության, ակնհայտ է. «Հայաստանը, խաղաղության մասին հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ կոնստրուկտիվ է, բայց կարծում եմ՝ ամբողջ աշխարհը գիտի, թե դեստրուկտիվ կողմը որն է: ՀՀ իշխանությունները անընդհատ փորձում են ներկայացնել, որ պատրաստ են խաղաղության, սակայն իրենք էլ գիտեն, որ Ադրբեջանը դա չի ուզում և նորանոր պահանջներ է ներկայացնելու՝ Սահմանադրության, փախստականների վերադարձի և այլնի հետ կապված: Մենք էլ մեր օրակարգում պետք է ներառենք մեր հայելային օբյեկտիվ պահանջները, թե չէ ստացվում է՝ մի կողմը մեր հանդեպ ունի «պրիտենզիաներ», իսկ մենք որևէ պահանջ չունենք, ասում ենք՝ գնում ենք խաղաղության»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը որևէ խնդիր չունի ցույց տալու, որ պատրաստ է խաղաղության, որովհետև թե՛ Արևմուտքում, թե՛ անգամ ՌԴ-ում կասկած չկա այդ առումով, աշխարհը գիտի՝ ով է պատրաստ խաղաղության, ով՝ ոչ:
«Միաժամանակ մենք պիտի շարունակենք երկխոսել, այնպես չէ, որ որոշ ընդդիմադիրների պես պետք է ասենք. «Չէ, մենք հետ ենք բերում ԼՂ-ն զինված մեթոդներով», բայց ինչպես Ադրբեջանն է իր դիվանագիտության մեջ անընդհատ ներառում հորինված պահանջներ՝ փախստականներ, Արևմտյան Ադրբեջան, Անկախության հռչակագիր, մենք էլ մեր լեգիտիմ իրավունքներից պիտի խոսենք: Ամբողջ Արևմուտքը խոսում է ԼՂ ժողովրդի իրավունքներից, գոնե պատմական հայրենիք վերադառնալու առումով, ՀՀ ղեկավարությունը չպիտի թողնի, որ նախկինն իշխանությունները, կամ ՌԴ-ն այդ հարցը օգտագործեն ՀՀ-ի վրա որպես մահակ: Այդ հարցը պետք է պահվի, և հենց պահանջ են ներկայացնում, մենք էլ մեր պահանջը ներկայացնենք»,- ասում է Լիլիթ Դալլաքյանը:
Զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ-ի հետ կանոնակարգի ստորագրելը նպատակ ուներ ԿՈՊ 29-ից առաջ Արևմուտքի աչքին «թոզ փչել», որովհետև, ըստ նրա, միջազգային ֆորում անել մի երկրում, որը տարածքային պահանջներ ունի հարևան երկրի հանդեպ, ճիշտ չէր ընկալվի:
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը կարծես թե հրաժարվում է նաև գերիների վերադարձնել՝ վերջինս ասում է. «Միայն ԼՂ նախկին ղեկավարությունը չէ գերի, մենք այնտեղ գերիներ ունենք, որոնք իշխանության մաս չեն կազմել: 2-րդն էլ՝ եթե նրանք ռազմական հանցագործ են, դրա համար ապացույցներ պետք է ներկայացնել, համենայն դեպս Ադրբեջանը ստորագրել է հրադադարի եռակողմ համաձայնագիր 1994 թվականին, որտեղ ԼՂ ղեկավարները հանդիսացել են կողմ, այսինքն՝ ո՞ւմ հետ է ստորագրել այդ համաձայնագիրը, ռազմական հանցագործների՞»:
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է՝ որքան Ադրբեջանը ապակառուցողական մոտեցում ցուցաբերի, այնքան աշխարհը շատ օգնի Հայաստանին, Դալլաքյանը նկատում է. «Արևմուտքն ինչու է այսօր մեզ ուզում օգտակար լինել, որովհետև Ադրբեջանը իրեն տեղավորել է ռուսական նավի մեջ, այստեղ խնդիր կա ՌԴ-ին և Ադրբեջանին Հարավային Կովկասում զսպել, Արևմուտքը մեր հանդեպ բարյացակամ է տրամադրված, սա քաղաքականություն է: Այսինքն՝ յուրաքանչյուրը նայում է իր շահին, իրենց շահերից այսօր բխում է Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ նաև իրենց հետ հարաբերություններում, որովհետև Ադրբեջանն ասում է՝ ՌԴ-ն է Հարավային Կովկասում որոշողը, պարզ է, որ սա Արևմուտքին դուր չի գալիս: Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը մեզ զինելու է, բայց մենք պետք է երկարաժամկետ շահեր ու գործընկերներ ունենանք»: