Ամենայն հավանականությամբ, բոլոր որոշումներն արդեն կայացված են. Պեսկովը՝ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի մի խումբ հանրապետականներ նամակ են հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով վերացնել ԱՄՆ-ի հեռահար հրթիռների, մասնավորապես՝ ATACMS-ի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար:
Ստորագրողների թվում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄաքՔոլը, Զինված ծառայությունների կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը, Մշտական հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Թերները, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերի նախագահ Թոմ Քինը, Պաշտպանական հատկացումների նախագահ Քեն Կալվերտը և Հելսինկյան հանձնաժողովի անդամ Ռիչարդ Հադսոնը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման արգելքը վերացնելու հնարավորությունը, գրում է BBC-ն։ «Մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Բայդենը:
Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն որոշել է չեղարկել ATACMS հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենայն հավանականությամբ, այս բոլոր որոշումներն արդեն կայացված են: Այս ենթադրության հավանականությունը մեծ է: Այս պահին լրատվական արշավ է ընթանում՝ արդեն իսկ ընդունված որոշումը պաշտոնականացնելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը: