Ֆունդամենտալ շատ կարևոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք և գնանք առաջ. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Այն, ինչ համաձայնեցված է, իսկ ֆունդամենտալ շատ կարևոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք և գնանք առաջ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:
«Եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի, որովհետև եթե ևս 4 կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության, միևնույն է՝ կմնա էլի 4 կարևոր հարց, որը կարիք կլինի համաձայնեցնել. միշտ 4 հարց կլինի: Բոլոր երկրների հետ, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք երկարատև, կա 4, 5, 6, 15, 20 հարց, որը պետք է համաձայնեցնենք»,- նշեց վարչապետը:
Նա նշեց, որ Հայաստանը չի առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր: «Մենք առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր: Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, և 3 հոդվածի համար այդ բովանդակությունը մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ, 13+3, այսինքն՝ 16 հոդվածով պայմանագիր»:
Խոսելով Ալմա Աթայի հռչակագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է հղվենք պաշտոնապես հայտարարված հաղորդագրությունների վրա, և 2 երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածել են հայտարարություն, եթե չեմ սխալվում միաժամանակ, որ Ալմա Աթայի հռչակագիրը դառնում է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և կողմերը սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն դրանով»: