ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավերի դեմ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Իրանի աջակցության պայմաններում ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարել են Ռուսաստանում գլխամասային գրասենյակներ ունեցող երկու բեռնափոխադրող ընկերությունների՝ Vafa Wholesale Ltd-ի և Sea River Service Limited Liability Company-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ, այդ ընկերությունները «գործել են կամ գործում են Ռուսաստանի տնտեսության ծովային ոլորտում»։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Vafa Wholesale Ltd-ին են պատկանում իրանական ԱԹՍ-ների հետ կապված սարքավորումները Իրանից Կասպից ծովով Ռուսաստան տեղափոխող նավերը։
Նույն օրը՝ սեպտեմբերի 10-ին, Մեծ Բրիտանիան հայտարարել է ռուսական Skif-V, Omsky-103, Musa Jalil, Baltiysky և Begey նավերի դեմ պատժամիջոցների մասին։ Ինչպես նշվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում, այդ նավերը զբաղվում են Իրանից Ռուսաստան ռազմական բեռների փոխադրմամբ։
ՏԱՍՍ գործակալությունը պարզաբանում է, որ այժմ այդ նավերին կարգելվի մուտք գործել բրիտանական նավահանգիստներ։ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներում է ներառել նաև տասը նավթատար նավ, ՌԴ օդատիեզերական ուժերի ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարությունն ու անօդաչու ավիացիայի 924-րդ պետական կենտրոնը: