Գազայի հատվածում իսրայելական գնդակոծություններից զոհվել է 20-ից ավելի մարդ
Գազայի հատվածի մի քանի շրջաններում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 27 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է պաղետինյան WAFA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իսրայելի ռազմական ինքնաթիռների թիրախում են հայտնվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքեր։ Զոհվել է 13 մարդ։ Իսկ Խան Յունիսի Մավասիի շրջանում ծովում սպանվել է մեկ ձկնորս։
Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում, իսրայելական գնդակոծությունից զոհվել է 9 մարդ, կան անհետ կորածներ, հավելում է գործակալությունը։
Գազայի հատվածի կենտրոնում՝ ալ Նուսեյրաթի ճամբարում, ըստ հրապարակման, զոհվել է 4 մարդ, 11-ը վիրավորվել է։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 000-ի։