Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները. Պապոյան
Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վիլնյուսի առևտրաարդյունաբերական և արհեստների պալատում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը՝ նշելով, որ ներկայումս սպառման հաշվին աճող տնտեսական մոդելը փոխարինվում է ներդրումների հաշվին աճող տնտեսական մոդելով։ Նա նաև ավելացրել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում արդյունաբերության, լոգիստիկայի, անշարժ գույքի զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք կարող են գրավիչ լինել լիտվացի գործարարների համար։
«Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները, և համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է նոր, արդյունավետ կապեր հաստատելու ու հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ Հայաստանից և Լիտվայից։