Դեղերի ոչնչացման գործընթացը պետք է տեսանկարահանվի. ոլորտը կարգավորող նախագիծ է մշակվել
Տեսչական մարմինը բազմաթիվ դեղատներում հայտնաբերել է «Վաճառքի համար ենթակա չէ» գրությամբ դեղեր, որոնք վաճառվում են սովորական դեղատներում: Տեսչական մարմնին տալիս ենք լիազորություններ, որպեսզի կարողանան ստուգումներ իրականացնել բուժհաստատության դեղատներում և խախտումների դեպքում պատժամիջոցներ սահմանել: «Դեղերի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթացմամբ խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ խոսքը ոչ թե հիվանդանոցների առաջին հարկի դեղատան դեղերի մասին է, այլ պահեստի:
Առաջարկվող մյուսը փոփոխությունը դեղերի ոչնչացմանն է վերաբերում: Ըստ պատգամավորի՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից 1 տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված, մի քանի տասնյակ միլիոնը գերազանցող դեղեր, ավելին՝ վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացման փաստաթուղթը, բայց ողջամիտ կասկած կա, որ դեղերի փաստացի ոչնչացում չի եղել, որովհետև ՏՄ-ն նաև դեղատներում բացահայտել է դեղեր, որոնք նախկինում փաստաթղթերով արդեն իսկ պետք է ոչնչացված լինեին:
«Այստեղ էլ ունենք ողջամիտ կասկածներ, և այս կասկածները փարատելու համար ՏՄ-ին տալիս ենք լիազորություններ, որպեսզի կարողանան հնարավորինս վերահսկել գործընթացը»,- ասաց պատգամավորը:
Ըստ Լուսինե Բադալյանի՝ այս գործընթացում կարևոր պայման կա, որ կազմակերպությունը դեղերի ոչնչացումից 5 օր առաջ պետք է տեղյակ պահի, որ ոչնչացնելու է այն, նաև դեղերի ոչնչացումը պետք է տեսանկարահանվի: