Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 ոստիկանի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարած Մարգարյանի նկատմամբ
Դատախազը Մանուկ Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Մարգարյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ ծառայողական գործունեությանը միջամտելու համար (155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետեր (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետեր (Սպանության փորձ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետեր (Սպանության փորձ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետեր (Սպանության փորձ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետեր (Սպանության փորձ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), 335-րդ հոդվածի 1-ին մաս (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ հրազեն է պահում:
Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:
Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել էր անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել էին հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել էր փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը:
Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է: