Մանրամասներ՝ Ղարամյանի նախկին փեսայի ինքնասպանության դեպքից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզի իր հյուրատան լոգարանում ԼՂ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով, նախնական տվյալներով, ինքնասպանություն էր գործել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսա՝ գործարար Լորիս Եղոյանը:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը դեպքի հետկապված հետևյալ տեղեկատվությունն է տարածել.
«Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։
Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է»։