Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական օբյեկտներին
Ավելի քան մեկ տասնյակ մարդ է զոհվել և մոտ հինգ տասնյակն էլ վիրավորվել է կիրակի ուշ երեկոյան իսրայելական հարվածների հետևանքով՝ ուղղված Սիրիայի Համա նահանգի մի քանի շրջաններին, վնասվել է մայրուղին, բռնկվել են հրդեհներ, 1lurer.am-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը:
Արևմտյան Համա նահանգի Մասյաֆ ազգային հիվանդանոցի ղեկավարի նախնական տվյալով՝ զոհվել է 14 մարդ, որից չորսը խաղաղ բնակիչներ են, վիրավորվել՝ 43-ը:
Հարվածներից մեկն ուղղված է եղել Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին, իսկ մյուսները՝ այն վայրերին, որտեղ «իրանական աշխարհազորայիններն ու փորձագետները տեղակայված են Սիրիայում զենք մշակելու համար»,- ասել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Իսրայելական բանակը չի մեկնաբանել այդ հարձակումները, սակայն իսրայելական կողմի հարվածներն ուղղված են լինում սիրիական ուժերի կամ Սիրիայում Իրանի աջակցությամբ գործող խմբավորումներին, գրում է Euronews-ը:
Ըստ գործակալության՝ Իսրայելը խոստացել է վերջ դնել իրանական ամրապնդմանը Սիրիայում՝ պատճառաբանելով, որ Սիրիան Իրանի համար կարևոր ճանապարհ է լիբանանյան «Հըզբոլլահ» ռազմական խմբավորմանը զենք մատակարարելու համար: