Պետք է հասկանանք՝ արդյոք մեր մասնակցությունը տեղի՞ն է. Սիմոնյանը՝ Բաքվում COP29-ին մասնակցելու մասին
Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում այդ խոսակցությունները տանում ենք: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ, այն ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են այլ անձանց և գերիների վերադարձը, որը Ռուսաստանը և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում: Արդյոք սա նշանակում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ից իրենց ստորագրությունը հետ կանչել, թե՞ ոչ. այ էս հարցը շատ կարևոր է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Դուք գիտեք՝ այս պահի դրությամբ հաստատված կա 23 գերի, որոնցից 11-ը, եթե չեմ սխալվում, ռազմաքաղաքական ղեկավարներն են, և մնացածն արդեն տարբեր ժամանակահատվածներում վերցված մարդիկ են: Այդ հարցն անընդհատ քննարկվում է: Շատ բացասական է իրեն դրսևորում Ադրբեջանը, և կարելի է ասել, որ նույնիսկ Ադրբեջանի գործընկերոջ հետ իմ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել եմ և համարում եմ, որ եթե ադրբեջանական կողմն ուզում է, որ պառլամենտական մակարդակում էլ խոսակցությունը, որ մենք սկսել ենք, արդյունավետ լինի, նրանք պետք է պառլամենտով որևիցե ձևով միջնորդեն, և այդ պառլամենտական հարթակով մենք կարողանանք մեր գերիներին հնարավորինս արագ հետ բերել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է գերիների հարցը որպես նախապայման դնել Բաքվում COP29-ին ՀՀ-ի մասնակցության համար, ԱԺ նախագահն ասաց.
«Այդ քննարկումներն անելը դեռ վաղ է, և մենք պետք է հասկանանք, մի բան ֆիքսենք՝ Ադրբեջանը չէ, որ COP29-ի հրավիրող կողմն է, դա ՄԱԿ-ի միջոցառում է. դա ֆիքսենք, որովհետև ինչ-որ լուր տարածվեց, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է: Դա մի քիչ աբսուրդային է, որովհետև հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է: Երկրորդը՝ պետք է հասկանանք՝ արդյոք մեր մասնակցությունը տեղի՞ն է, և արդյոք տեղի կունենա՞ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման պարագայում գերիների վերադարձը: Լավ կլինի, որ ամբողջը միասին տրամաբանության մեջ լինի»: