Դադարե՛ք ՀՀ-ի դեմ սուտ վկայություններ տալ. Ալեքսանյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարություններին, ասաց՝ այն խոսույթը, որը նրանք բերել են խորհրդարան, տեղավորվում է նրանց՝ 2022 թվականի ապրիլի 7-ով թվագրված շրջաբերականի տրամաբանության մեջ:
«Այն ամենը, ինչ դուք խոսում եք, պարոնա՛յք ընդդիմադիրներ, տեղավորվում է հետևյալ տրամաբանության մեջ. ամեն անգամ, ինչքան խոսում եք ԼՂ-ից, ձեր շրջաբերականի՝ չեմ հիշում որ ենթակետի 15-րդ և 16-րդ կետերն են՝ Ռուսաստանը կարող է Արցախը ենթարկեցնել իրեն, հաջորդ կետը՝ հնարավոր միության դեպքում Արցախի և Հայաստանի ճակատագրերը պետք է լուծվեն որպես մեկ ամբողջություն:
Այնտեղ մի դրույթ էլ կա ինքնիշխանության զիջման մասին:
Պարո՛ն Մինասյան, այն, ինչ դուք եք առաջարկել, առաջարկում ու հիմա էլ բերում դաշտ, միտված է միակ նպատակին՝ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանը մտնի Ռուսաստանի կամ Միութենական պետության կազմի մեջ, ու հնարավոր է՝ Արցախն էլ ստացվի կամ չստացվի:
Ձեր բոլոր գործողությունները, ձեր թիմակիցների բոլոր գործողությունները ԼՂ-ում, ձեր ստորագրած ամեն մի փաստաթուղթը, ձեր նշանակած նախագահի ստորագրած ամեն փաստաթուղթ ուղղված են եղել այդ նպատակին՝ Հայաստանը մտցնել ինչ-որ մի բանի կազմի մեջ»,- ասաց Ալեքսանյանը:
Դիմելով Արթուր Խաչատրյանին՝ հորդորեց Հայաստանի դեմ սուտ վկայություններ տալը. «Պարո՛ն Խաչատրյան, խնդրո՛ւմ եմ՝ Հայաստանի դեմ սուտ վկայություններ տալը դադարեցնել»: