Բացահայտվել է վիտամինի պակասի ազդեցությունը տրամադրության վրա
Ցինկի, մագնեզիումի, վիտամին D-ի և այլ օգտակար նյութերի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի, զգուշացրել է սննդաբան Իրինա Գեյկալոն։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում բացահայտել է որոշ սննդանյութերի ազդեցությունը հոգեկան առողջության և տրամադրության վրա։
Ըստ նրա՝ տարբեր սննդանյութերը կարևոր են նյարդային համակարգի բնականոն գործունեության, նյարդային հաղորդիչների՝ սերոտոնինի, դոֆամինի, նորէպինեֆրինի սինթեզի և հորմոնալ հավասարակշռության կարգավորման համար։
«Վիտամինները և միկրոէլեմենտները, ինչպիսիք են՝ վիտամին D-ն, B վիտամինները, մագնեզիումը, ցինկը, ապացուցված ազդեցություն ունեն հոգեկան առողջության վրա», – Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Գեյկալոն:
Նա ասել է, որ, օրինակ, օրգանիզմում ցինկի պակասը կարող է հանգեցնել տրամադրության վատթարացման, քնկոտության և հոգնածության, իսկ վիտամին D-ի և B6, B9, B12 վիտամինների պակասը կարող է առաջացնել դյուրագրգռություն և նույնիսկ դեպրեսիա: Սննդաբանը հավելել է, որ մագնեզիումը, որը մասնակցում է սթրեսի կարգավորմանը, նույնպես անհրաժեշտ է հոգեբանական ինքնազգացողությունը պահպանելու համար։
Գեյկալոն ընդգծել է, որ ժամանակակից կենսակերպը հաճախ հրահրում է վիտամինների անբավարարության զարգացում։
Անհավասարակշռված սննդակարգը, սթրեսը և շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները կարող են հանգեցնել վիտամինների և հանքանյութերի անբավարարության, որոնք ազդում են տրամադրության վրա:
Անբավարարությունը կանխելու համար սննդաբանը խորհուրդ է տվել առաջին հերթին պահպանել բազմազան և հավասարակշռված սննդակարգ։ Դիետան պետք է ներառի գունավոր մրգեր, բանջարեղեն, ընկույզ, ավոկադո, ձիթապտղի յուղ, ձուկ, միս, ձավարեղեն:
Եզրափակելով՝ փորձագետը հիշեցրել է, որ ֆիզիկական ակտիվությունը, սթրեսին դիմակայելու կարողությունը և վատ սովորություններից հրաժարվելը նույնպես բարելավում են հոգեկան առողջությունն ու կյանքի որակը։